Ավստրալիայի իշխանությունները հակամենաշնորհային հետաքննություն են սկսել Google-ի դեմ

Ավստրալիայի իշխանությունները հակամենաշնորհային հետաքննություն են սկսել Google-ի դեմ

Ավստրալիայի կառավարության մրցակցության եւ սպառողների հանձնաժողովը (ACCC) սկսել է ուսումնասիրել Google-ի նախապես տեղադրված ծրագրային տարբերակների ազդեցությունը մրցակցության վրա Ավստրալիայի որոնման ինտերնետային սերվիսների շուկայում: Այս մասին հաղորդվում է կարգավորիչի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Արտադրողները անհատական ​​համակարգիչներ, պլանշետներ եւ բջջային հեռախոսներ են մատակարարում նախապես տեղադրված օպերացիոն համակարգով եւ վեբ բրաուզերով, որը ներկառուցված որոնման ծառայությունը ենթադրվող է դարձնում: Google Chrome եւ Apple Safari բրաուզերները, որոնք նախապես տեղադրված են գրեթե բոլոր սարքերում, Google-ի որոնման ծառայությունը հիմնական են դարձնում սարքերի 95 տոկոսի համար: Դա կարող է մրցակցության նվազման հանգեցնել եւ սպառողներին զրկել ընտրությունից այդ ծառայությունները մատուցելիս»,- նշված է ACCC-ի հայտարարության մեջ:

Հանձնաժողովում նշում են, որ Google-ը «զգալի շուկայական իշխանություն ունի Ավստրալիայի թվային շուկայում», քանի որ առաջատար որոնողական սերվիսն իրեն է պատկանում: «Թվային պլատֆորմի այդ դիրքը հիմնականում մեկուսացնում է այն դինամիկ մրցակցությունից, ինչը [ծրագրային ապահովման նախնական տեղադրման դեպքում] լրացվում է սպառողի իներցիայով: Մենք գիտենք, որ ինքնաբերաբար որեւէ օպցիայի տեղադրումը զգալիորեն մեծացնում է հավանականությունը, որ սպառողներն այն չեն փոխի»,- նշում է հանձնաժողովի նախագահ Ռոդ Սիմսը:

Հաղորդվում է, որ վերջնական զեկույցը նախապես արվող կարգավորումների, ծրագրային ապահովման, այդ թվում` որոնման ծառայությունների եւ վեբ բրաուզերների` սպառողների ընտրության եւ մրցակցության վրա ազդեցության մասին կավարտվի եւ Ավստրալիայի գլխավոր գանձապետին կներկայացվի 2021 թվականի սեպտեմբերի 30-ին: Այդ օպցիաների ազդեցությունը սպառողի ընտրության վրա գնահատելուց բացի, փաստաթուղթը նաեւ մի շարք առաջարկություններ կներկայացնի Google-ի համար, որոնք թույլ են տալիս ընտրություն ապահովել որոնողական սերվիսի ավստրալիացի օգտվողների համար:

Ամերիկյան Google ընկերությունը, որին եւ պատկանում է համանուն որոնողական ծառայությունը, վերջերս մի քանի հակամենաշնորհային գործընթացների ֆիգուրանտ է դարձել աշխարհի մի շարք երկրներում: Թվային պլատֆորմը երկու անգամ տուգանվել է Եվրահանձնաժողովի կողմից` հակամենաշնորհային օրենքների խախտման եւ գերիշխող դիրքի չարաշահման համար որոնման համակարգերի շուկայում: Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը նույնպես Google-ին մրցակցության մասին օրենքի խախտող էր ճանաչել 2015-ին եւ կարգադրել էր վերացնել խախտումները ՝ արտադրողների հետ համաձայնագրերից բացառելով հակամրցակցային պահանջները, որոնք սահմանափակում են այլ մշակողների ծրագրերի եւ ծառայությունների տեղադրումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում