Փորձագետ. գազի սակագնի բարձրացումը կդանդաղեցնի թեթեւ արդյունաբերության զարգացումը
Գազի սակագնի բարձրացումը կդանդաղեցնի թեթեւ արդյունաբերության զարգացումը եւ, բնականաբար, կհանգեցնի գնաճի: Այս մասին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նա պարզաբանեց, որ դեռ անհնար է ասել, թե կոնկրետ ինչ հետեւանքների կհանգեցնի որակական առումով սակագների բարձրացումը: «Մենք գտնվում ենք շուկայական տնտեսության պայմաններում, եւ հենց շուկան է ձեւավորում ապրանքների վերջնական գները: Սակայն նույնիսկ առանց գազի սակագնի բարձրացման մենք տեսնում ենք, որ գներն անշեղորեն շարունակում են աճել՝ չնայած նրան, որ իշխանությունները փորձում են հակառակը համոզել: Հատկանշական է, որ դա տեղի է ունենում բնակչության զբաղված հատվածի ցածր եկամուտների պայմաններում՝ հավելեց Բոստանջյանը:
Տնտեսագետը նման պայմաններում կարեւոր է համարում ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքների նվազեցումը:
«Չնայած բոլոր ռիսկերին՝ ԿԲ-ն աստիճանաբար կարողացել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները ՝ մինչեւ 4,5 տոկոս, ինչը կենսական կարեւորություն ունի տնտեսության համար՝ հատկապես հաշվի առնելով ներկայիս ճգնաժամը: ԿԲ-ն դեռ մնում է համեմատաբար կայուն կառույցների մեկը, որը ժամանակին արձագանքում է ֆինանսական եւ տնտեսական ազդանշաններին եւ պրոցեսներին: Հենց դա է ապահովում ֆինանսական եւ բանկային կայունությունը»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ ջերմային տնտեսությունների, պահածոներ, խմիչքներ եւ կաթնամթերք արտադրողների համար գազի սակագինը հուլիսի 19-ից 212-ից կբարձրանա մինչեւ 224 դոլար (1000 խորանարդ մետրի համար):
Նշենք, որ ԿԲ-ն անցած շաբաթ որոշում է ընդունել մինչեւ 4,5% նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Կարծիքներ