Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ՝ Թբիլիսիում
Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրի շրջանակում նոյեմբերի 27-ին Թբիլիսիում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ, հանդես է եկել համերգով:
Համերգին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանի պետական մարմինների և խորհրդարանի ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, հասարակական-մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Նույն օրը Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային թատրոնում Ս. Խալաթյանի «Վերջին ծաղրածուն» ներկայացմամբ հյուրախաղերով հանդես է եկել Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը:
Նշենք նաև, որ Թբիլիսիում՝ այն տանը, որտեղ 1908-1922 թվականներին ապրել է Արամ Խաչատրյանը, տեղադրվել է հուշատախտակ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի հիշատակին:
Հուշատախտակի հեղինակն է ճարտարապետ Սեմյոն Բարսեղյանը: Հուշատախտակի տեղադրումն իրականացվել է Արամ Խաչատրյանի թանգարանի նախաձեռնությամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանության մասնակցությամբ:
Կարծիքներ