Երեկվա համավաքների ու ցույցերի ընթացքում ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև միջադեպեր չեն եղել. ՄԻՊ
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվել է իրականացվել Երևան քաղաքում տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում, այդ թվում ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրության միջոցով։
Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ օրվա մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ի տարբերություն նախորդ օրերի՝ երեկ հավանքների, այլ ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ։
Դրանց ընթացքում, հիմնականում միջադեպեր տեղի չեն ունեցել, իսկ եղածները տեղում հարթվել են։
Պաշտպանը արձանագրում է, որ նման արդյունավետ փոխգործակցությունը ողջունելի է թե´ոստիկանության ծառայողների պատշաճ վարքագիծ դրսևորելու, թե´ հավաքի մասնակիցների խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի երաշխավորման և թե´ հավաքին չմասնակցող այլ անձանց իրավունքները երաշխավորելու տեսանկյունից։
Այլ կերպ՝ նման փոխգործակացությունը բխում է բոլորի իրավաչափ շահերից։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել տեղի ունեցող գործընթացին և հետամուտ է լինելու վերհանված խախտումների հասցեագրման հարցում։
Կարծիքներ