Չինաստանը հունվարի ութից կհանի կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի պահանջը երկիր ժամանողների համար
Չինաստանը կթեթևացնի կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումները երկիր մուտք գործողների համար: Այս մասին երկուշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Չինաստան ժամանող անձինք պետք է անցնեն PCR թեստավորում մեկնելուց 48 ժամ առաջ: Բացասական արդյունքի դեպքում նրանք կկարողանան մուտք գործել ՉԺՀ՝ առանց դեսպանատան կամ հյուպատոսության առողջապահական ծածկագիր պահանջելու՝ մաքսային առողջապահական հայտարարագիրը լրացնելիս:
Չինաստանի իշխանությունները 2020 թվականին սահմանափակումներ են մտցրել արտերկրից ժամանող անձանց համար: Չինաստան ժամանող ուղևորները ստիպված են եղել անցնել պարտադիր կարանտին։ Մեկուսացման ժամկետը սկզբում երեք շաբաթ էր, հետո աստիճանաբար կրճատվեց, իսկ հիմա հինգ օր է։
Նաև հայտարարվել է, որ ՉԺՀ Պետական խորհրդի որոշմամբ՝ COVID-19-ը կհանվի այսպես կոչված «Ա» դասի հիվանդությունների ցանկից, որոնք ենթակա են սահմանային հսկողության հատուկ սահմանափակումների։
Կարծիքներ