«Միս Տիեզերք Արմենիայի» կազմակերպիչը և ռուս մոդելը փորձել են օգտագործել ՀՀ-ն. հայ գեղեցկուհիները կանխել են նրանց ծրագիրը
Քննադատությունների թիրախում հայտնված ազգությամբ ռուս Իրինա Զախարովայի՝ «Միսս տիեզերք» մրցույթին մասնակցելու ցանկությունն ու Հայաստանը ներկայացնելը մնացին անկատար։ Նա հայտարարել է, որ դրան «ընտանեկան հանգամանքների պատճառով» չի կարողանա մասնակցել: Աշխարհահռչակ մրցույթի կազմակերպիչները, սակայն, փակագծեր են բացել՝ հայտնելով, թե իրականում ինչու նա չի ներկայացնելու ՀՀ-ն:Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Պարզվում է, որ նրանք ուսումնասիրել են «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» մրցույթներում նախորդ տարիների հայ գեղեցկուհիների և ոլորտով հետաքրքրված այլ հայուհիների բարձրաձայնած հարցերը․ 31-ամյա մոդելը Հայաստանի քաղաքացիություն չունի, նա ՀՀ-ում չի բնակվել, ինչպես պնդում էին թե՛ Զախարովան, թե՛ «Միսս տիեզերք Արմենիա»-ի անցկացման իրավունքը ձեռք բերած ազգությամբ ռուս Յուլյա Պավլիկովան։
«Միսս տիեզերք 2019»-ի մասնակից Դայանա Դավթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ եթե իրենք չխոսեին տեղի ունեցած մասին, ապա Զախարովայի և Պավլիկովայի կատարած խարդախությունն այդպես էլ աննկատ կմնար։
Դայանան պնդում է՝ «Միսս տիեզերք Արմենիա»-ի անցկացման իրավունքը ձեռք բերած անձնավորությունը ի սկզբանե ստել է «Միսս տիեզերք» մրցույթի կազմակերպիչներին։
Ըստ նրա՝ Զախարովան ու Պավլիկովան մտերիմ ընկերուհիներ են, ինչն արդեն խոսում է ամեն բանի մասին:
«Պավլիկովան մասնակցել է շատ մրցույթների ու դեռ այդ ժամանակվանից փոխել է իր անձնագրային տվյալները, որ կարողանա 30 տարեկանը լրանալուն պես մասնակցի դրանց, որովհետև տարիքային սահմանափակումներ են եղել տվյալ մրցույթներին մասնակցության համար։ Այժմ էլ նման խարդախ միջոցի էր դիմել, իսկ մեր երկիրն էլ ուզում էր օգտագործել որպես միջոց՝ «Միսս տիեզերք» մրցույթին մասնակցելու համար։ Մրցույթի կազմակերպիչները փաստեցին, որ ճիշտ ենք։ Մենք բոլոր տվյալները ստուգել էինք ու հայտնաբերել, որ Զախարովայի անուն-ազգանունով ՀՀ այլ քաղաքացի չկա, բացի 50 տարեկան մի կնոջից»,- մանրամասնում է նա:
Զրուցակցի խոսքով՝ Պավլիկովայի կեղծիքը բացահայտելու համար դիմել են տարբեր կառույցների, այդ թվում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որտեղից իրենց տեղեկացրել են, որ հարցը գերատեսչության տիրույթում չէ։ Սրանից հետո գտել են «Միսս տիեզերք» մրցույթի երկրորդ սեփականատիրոջը, Զախարովայի մասին տեղեկությունները փոխանցել նրան, կազմակերպիչները ուսումնասիրել են դրանք և բացահայտել ճշմարտությունը:
«Մենք Իրինայի ու Յուլիայի սոցցանցերի էջերը ուսումնասիրել ու պարզել էինք, որ իրենք շատ վաղուց մտերիմ ընկերուհիներ են, դեռ հին նկարներն էլ էջերում պահպանված են։ Յուլիան միշտ տարբեր մրցույթներ է կազմակերպել ու ինչ-որ թագեր է դրել Իրինայի գլխին։ Հիմա էլ որոշել էր, որ Ռուսաստանի միջոցով չի կարողանա դա իրականացնել, պետք է օգտագործի Հայաստանն իր ընկերուհու համար։ Անձամբ մեզ կազմակերպությունից պատասխան չի եկել, բայց մեր տեղադրած ցանկացած ինֆորմացիայի իրենք հետևում էին, երևում էր դա։ Սեփականատերերից մեկին էլ, երբ սկզբում դիմել էինք, ասել էր, որ Զախարովան բոլոր փաստաթղթերով համապատասխանում է մասնակցության չափանիշներին, այդտեղից մենք ենթադրեցինք, որ նաև փաստաթղթեր է կեղծել Պավլիկովան»,- պատմում է Դայանան:
«Միսս տիեզերք 2019»-ի մասնակցի համոզմամբ՝ այս ամենից զատ, «Միսս տիեզերք»-ը խաբեության համար Պավլիկովային պետք է զրկի «Միսս տիեզերք Արմենիա»-ի անցկացման իրավունքից։ Վերջինս կարծում է՝ չնայած նրան, որ կազմակերպությունը հնարավորություն է տվել «Միսս Տիեզերք Հայաստան» տիտղոսը շնորհել եզրափակիչ փուլ անցած այլ թեկնածուներից մեկին, այս ամենից հետո «Միսս Տիեզերք»-ը Հայաստանի մասնակցությանը անլրջությամբ կվերաբերվի։
Նկատենք, որ Իրինա Զախարովան «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում արված հրապարակման միջոցով հայտնել է, թե իրավական պատասխանատվության է ենթարկելու «Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչներին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում
Կարծիքներ