ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի ավիահարվածի կապակցությամբ կոչ է արել խուսափել էսկալացիայից և զսպվածություն ցուցաբերել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի ավիահարվածի կապակցությամբ կողմերին կոչ է անում խուսափել էսկալացիայից և զսպվածություն ցուցաբերել, հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ria.ru-ն։
«Գլխավոր քարտուղարն ուշադրությամբ հետևում է Միացյալ Նահանգների կողմից Սիրիայում ավիահարված հասցնելու մասին հաղորդագրություններին։ Նա նախկինի պես մտահոգված է տարածաշրջանում անկայուն իրադրության կապակցությամբ և բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել էսկալացիայից»,-ասել է Դյուժարիկը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պետնագոնում հայտարարել էին, որ ավիահարվածի հետևանքով ոչնչացվել են Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին պատկանող մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ: Այս քայլը, ինչպես նշել է Պենտագոնը, պատասխան է Իրաքում վերջերս ԱՄՆ-ի և միջազգայն կոալիցիոն ուժերի վրա հարձակմանը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այս առնչությամբ շեշտել էր, որ ԱՄՆ զինված ուժերը ապավինում են իրաքյան կողմի հետախուզական տեղեկատվությանը և վստահ են հարվածի ճշգրտության հարցում:
Դեպքից հետո հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին: Նա նշել էր, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում իրականացված ավիահարվածներից հետո Ճապոնիայի կառավարությունն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը:
Կարծիքներ