Վրաստանում են Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ներկայացուցիչները

Վրաստանում են Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ներկայացուցիչները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության հետ։

1tv.ge-ի փոխանցմամբ՝ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Օրբելիանիների պալատում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են նախընտրական գործընթացները և երկրում տիրող իրավիճակը, խոսվել է քաղաքական միջավայրի բևեռացման և դրա հաղթահարման մասին։

Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, կտրուկ բևեռացման պատճառով շատ կարևոր հարցեր, ինչպիսիք են օկուպացումը, համաճարակը և պատվաստումը, տարածաշրջանային և սևծովյան անվտանգության խնդիրները մնում են առանց ուշադրության, և ընտրություններից հետո երկիրը պետք է ակտիվորեն շարունակի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացը և պետական ​​ինստիտուտների ամրապնդումը։

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանի պատվիրակությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի օկուպացված տարածքներում հումանիտար ծանր իրավիճակի մասին, որն արտահայտվում է առողջապահական ծառայությունների և պատվաստման սահմանափակ հասանելիությամբ, ինչպես նաև տեղաշարժի ազատության սահմանափակմամբ:

Նախագահի խոսքով, կարևոր է, որ Վրաստանի օկուպացված շրջանների հարցը հրատապ քննարկվի միջազգային հանրության օրակարգում՝ բոլոր մակարդակներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում