ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի ուղերձը Գործարարի օրվա առթիվ

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի ուղերձը  Գործարարի օրվա առթիվ

Հարգելի գործարարներ,

Սիրով շնորհավորում եմ ձեզ Գործարարի օրվա առթիվ, որը 2017 թվականից սկսած ՀՀ կառավարության որոշմամբ նշվում է մարտի 3-ին՝ նշանավոր հայ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը՝ ՀՀ տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև հայ ժողովրդի կյանքում գործարարի առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն գործարարներին, որոնք այս դժվարին ժամանակներում շարունակում են անշեղորեն պահպանել բարեխիղճ և արդար մրցակցության կանոնները:

Անցած տարին ամբողջ աշխարհի և հատկապես մեր գործարարների համար լի էր անկանխատեսելի և դժվար կառավարելի մարտահրավերներով, որոնց բացասական հետևանքները մինչ այժմ էլ զգալի են:

Գործարարության զարգացման և տնտեսության առաջխաղացման համար կայուն, կանխատեսելի և մրցակցային բիզնես միջավայրի ապահովումն առաջնային նախապայման է, և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացրել ու շարունակում է իրականացնել բարելավումներ նման միջավայրի ստեղծման և պահպանման ուղղությամբ:

Այդ նպատակով 2020 թվականին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում արմատական փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես եկանք, որի շնորհիվ կունենանք կանխատեսելի և արդյունավետ վարչարարություն՝ ի շահ թե՛ տնտեսվարողի, թե՛ պետության և թե՛ քաղաքացու:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր գործարարներին՝ մաղթելով նոր, հաջողակ բիզնես նախագծերի իրագործում և արդյունավետ ու ստեղծագործ աշխատանք՝ խաղաղ երկնքի ներքո:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում