Հայաստանը հաստատակամ է առաջ շարժվելու` փոխակերպելով առկա մարտահրավերները հնարավորությունների. Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում մասնակցել է Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստին:
Հայաստանն ու Լիտվան ավելի սերտ կհամագործակցեն երկկողմ առևտրի, ներդրումների, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, տրանսպորտի, կրթության, գիտության և այլ ոլորտներում։
Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարար Աուշրինե Արմոնայտեն հայաստանյան պատվիրակությանն է ներկայացրել Լիտվայի ներդրումային միջավայրի առավելություններն ու կարևորագույն նախաձեռնությունները, մասնավորապես, կանաչ միջանցք, արտոնություններ ազատ տնտեսական գոտիներում:
Հանձնաժողովի հայկական կողմի նախագահ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է COVID-19 համաճարակի ստեղծած մարտահրավերներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին:
Նախարարը նշել է, որ չնայած դժվարություններին, Հայաստանը հաստատակամ է առաջ շարժվելու` փոխակերպելով առկա մարտահրավերները հնարավորությունների: Խոսքը նախարարն ամրապնդել է փաստերով. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2022 թվականի հունվարից –օգոստոս ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը Լիտվայի հետ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2․5 անգամ:
Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներն իրենց լիտվացի գործընկերների հետ նիստը համանախագահող երկու երկրների նախարարների ելույթներից հետո անդրադարձել են ոլորտային երկկողմ հնարավորություններին և փոխգործակցության առավել ուշագրավ կողմերին:
Նիստի ավարտին ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում` երկու նախարարները ստորագրել են երկկողմ համագործակցությունն ամրապնդող արձանագրություն:
Նիստից հետո նախարար Ավանեսյանի գլխավորած պատվիրակության համար կազմակերպվել է շրջայց Լիտվայի ամենահին Վիլնյուսի համալսարանի ենթակայության Կենսատեխնոլոգիաների կենտրոն, որտեղ քննարկվել են փոխգործակցության մի շարք հնարավորություններ:
Կարծիքներ