Հուշագիր է կնքվել ԿԳՄՍՆ-ի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի միջև
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ի դեմս նախարար Վահրամ Դումանյանի, և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը՝ ի դեմս հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Բաղդասարյանի, «ԱՐԵՎ» տեխնոլոգիական ուսուցման ծրագրի շրջանակում կնքել են փոխըմբռնման հուշագիր՝ տեխնոլոգիական մասնագիտական ուսուցման ձևաչափի զարգացման, ներդրման և հնարավորությունների ընդլայնման նպատակով:
Հուշագիրը կգործի 5 տարի ժամկետով:
Համաձայն ստորագրված փաստաթղթի՝ կողմերը կհամագործակցեն տեխնոլոգիական կրթության և ուսուցման ոլորտի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կադրերի և ուսանողների վերապատրաստման, նշյալ հաստատությունների ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի բարելավման, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների ու գործատուների միջև կապերի ձևավորման և ամրապնդման շուրջ:
Նախարարությունը պարտավորվում է աջակցել տեխնոլոգիական մասնագիտությունների՝ էլեկտրատեխնիկայի, էներգետիկայի, արդյունաբերական ավտոմատացման (ռոբոտատեխնիկա) գծով մասնագիտական կադրերի և ուսանողների վերապատրաստմանը և նպաստել հիմնադրամի ու ՄԿՈՒ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատման և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
Հիմնադրամը պարտավորվում է աջակցել ՄԿՈՒ հաստատությունների վերոնշյալ տեխնոլոգիական մասնագիտությունների գծով մասնագիտական կադրերի և աշակերտների վերապատրաստմանը, իրականացնել վերապատրաստումներ այդ հաստատություններում դասավանդողների համար՝ մեկ-երկուշաբաթյա մոդուլային մեթոդաբանությամբ աշխատելու նպատակով, ինչպես նաև ուսուցման որակի բարելավման նպատակով ներդնել իր մշակած և ԿԳՄՍ նախարարության երաշխավորած ուսումնամեթոդական բազան: Հիմնադրամը կօժանդակի նաև կրթության և տնտեսության համապատասխան ոլորտը ներկայացնող մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության ամրապնդմանը ուսանողների գործնական աշխատանքները գործատուների մոտ կազմակերպելու միջոցով:
Այդ ամենից զատ՝ հիմնադրամը պարտավորվում է օժանդակել երիտասարդների՝ աշխատաշուկա մուտք գործելուն՝ ապահովելով գործող աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտական բարձր որակավորման կարճաժամկետ վերապատրաստումներ և նրանց ուղղորդելով դեպի տվյալ ոլորտում գործող կազմակերպություններ:
Կարծիքներ