Հռոմում կայծակը հարվածել է Կոստանդիանոսի հաղթակամարին և վնասել այն
Հռոմում ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է Կոստանդիանոսի հաղթակամարին՝ մ.թ. 4-րդ դարում կանգնեցված հնագույն հուշարձանին, որը գտնվում է Իտալիայի մայրաքաղաքի գլխավոր զբոսաշրջային վայրերից մեկի՝ Կոլիզեումի մոտակայքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։Կոլիզեումի հնագիտական զբոսայգու վարչակազմը Reuters-ին հաստատել է, որ միջադեպի հետևանքով կամարի մի փոքր հատված վնասվել է։
«Կայծակը հարվածեց կամարին հենց այստեղ, այնուհետև դիպավ անկյունին, և մենք տեսանք՝ ինչպես այս կտորը պոկվեց ընկավ», - Reuters-ին ասել է ականատեսներից մեկը՝ մատնացույց անելով քարի մեծ բեկորը, որն ընկել է կառույցի մոտ:Կոլիզեումի հնագիտական զբոսայգու ղեկավարությունը վստահեցնում է, որ «բոլոր բեկորները հայտնաբերվել են և ապահով են»։
«Մենք արդեն սկսել ենք վնասի գնահատումը և վաղն առավոտյան կշարունակենք վերլուծությունները», - հայտնել են զբոսայգուց։Ինչպես նշում է Reuters-ը, կայծակը հարվածել է կամարի հարավային կողմին, որտեղ երկու օր առաջ սկսվել էին նախապես ծրագրված վերականգնման աշխատանքներ։ Այժմ փորձագետները նաև պետք է վերականգնեն կայծակի հետևանքով վնասված հատվածը։Հաղթակամարը կառուցվել է մ.թ. 315 թվականին քրիստոնեությունն ընդունած Հռոմի կայսր Կոստանդիանոսի կողմից՝ ի հիշատակ Մաքսենցիուսի նկատմամբ տարած հաղթանակի։ Այն ունի 25 մ բարձրություն։Հռոմում ամպրոպը տապալել է նաև ծառեր, մի քանի փողոցներ հեղեղվել են։
Կարծիքներ