Հանդիպում վիրահայ երիտասարդների հետ՝ համահայկական ճանաչողական այցի շրջանակում

Հանդիպում վիրահայ երիտասարդների հետ՝ համահայկական ճանաչողական այցի շրջանակում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է վիրահայ 25 երիտասարդների հետ, որոնց համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվել է համահայկական քառօրյա ճանաչողական այց Հայաստանի պատմական, մշակութային և հոգևոր վայրեր:

Միջոցառման մասնակիցների ընտրությունն իրականացրել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի հետ համագործակցությամբ:

Այցի նպատակն է հայկական արժեքների ճանաչողության միջոցով վիրահայ երիտասարդներին Հայաստանն առավել ճանաչելի դարձնելն ու հայապահպանությանն օժանդակելը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է երիտասարդներին և առանձնահատուկ կարևորել սփյուռքահայ երիտասարդների հետ նմանօրինակ հանդիպումները:

«Հայաստանն ու Վրաստանը բարեկամական ամուր կապեր ունեն, հարևան երկրների ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ, դիմակայում են համարյա նույն մարտահրավերներին: Երիտասարդական այսօրինակ հանդիպումներն ու ծրագրերը նպաստում են հայկական համայնքի հետ կապերի խորացմանը ու հետագա համագործակցության զարգացմանը: Դուք` երիտասարդներդ, նպաստում եք հայկական արժեքների պահպանմանը և այդ արժեքների առաջնային կրողն ու տարածողն եք»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալը երիտասարդներին խորհուրդ է տվել առավել ներգրավված լինել նախարարության կողմից իրականացվող երիտասարդական նախաձեռնություններում, մասնակցել ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների, մասնավորապես՝ կրթական, գիտական, երիտասարդական, մշակութային, սպորտային, վերապատրաստման և այլ ծրագրերին:

Երիտասարդության հարցերի վարչության պետ Զառա Ասլանյանը վիրահայ երիտասարդներին ներկայացրել է ՀՀ երիտասարդական քաղաքականության գերակա ուղղությունները, երիտասարդների հետ տարվող աշխատանքները և ծրագրերը: Նա անդրադարձել է նաև ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության միջոցով աշխատաշուկայում երիտասարդների մասնակցության խթանմանը, ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը և նորարարությանը միտված նախագծերում երիտասարդների ակտիվ ներգրավմանը:

Երիտասարդներին ողջունել է նաև շուրջ երկու տարի Մոսկվայից Հայաստան տեղափոխված և Երևանում «իԳործ» ծրագրի շրջանակում աշխատանքային գործունեություն ծավալող Անի Հարությունյանը: Վերջինս երիտասարդներին խորհուրդ է տվել իրենց բնակության երկրում լինել միասնական, առավել ակտիվ, նպատակասլաց ու իրազեկված, հավատալ իրենց ներուժին, ինչպես նաև հորդորել է կրթվել ու գործել ի նպաստ հայրենիքի:

Երիտասարդներն էլ իրենց հերթին պատմել են Հայաստանում ունեցած իրենց էքսկուրսիաների մասին: Նրանք հատկապես տպավորվել են Գոշավանքով, որն ավելի գեղեցիկ է, քան տեսել էին լուսանկարներում, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանով, որտեղ պահպանվող հին ձեռագրերը, ինչպես երիտասարդներն են նշել, պետք է տեսնի յուրաքանչյուր հայ:

ԿԳՄՍՆ ներկայացուցիչները երիտասարդներին տեղեկացրել են նաև, որ ծրագիրը շարունակական կլինի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում