ՀՀ նախագահ Սարգսյանը ցավակցել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ
ՀՀ նախագահ Սարգսյանը ցավակցել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:
«Խոր ցավ ապրեցի՝ տեղեկանալով սիրված դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան մասին։ Մոտ վեց տասնամյակ իր դերասանական հարուստ և բովանդակալից կյանքն անցկացնելով Գաբրիել Սունդուկյանի անվան մայր թատրոնում՝ նա իր վառ անհատականությամբ ստեղծեց մնայուն կերպարներ, որոնց միացան նաև նրա փայլուն դերերը հայ կինոյում։
Ինքնատիպ դերասանական խաղը և բեմական վարպետությունը, որ տասնամյակներ շարունակ համադրվում էին Ժենյա Ավետիսյանի և նրա երջանկահիշատակ ամուսնու՝ տաղանդավոր դերասան Յուրի Ամիրյանի կերտած կերպարներում, կշարունակեն մնալ հանդիսատեսի հիշողության մեջ։
Ցավակցում և մխիթարանքի խոսքերս եմ հղում անվանի դերասանուհու ընտանիքին ու հարազատներին, արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»,- նշել է ՀՀ նախագահը:
Կարծիքներ