Վարչապետը կարող է խոշորացված համայնքի ղեկավարի ԺՊ նշանակել ավագանու անդամի. ԱԺ-ն ընդունեց սահմանափակումը հանող օրենքը

Վարչապետը կարող է խոշորացված համայնքի ղեկավարի ԺՊ նշանակել ավագանու անդամի. ԱԺ-ն ընդունեց սահմանափակումը հանող օրենքը

 ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել օրենքի դրույթներից մեկով նախատեսված սահմանափակումը, թե ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար. Այսպիսով՝ այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվի, վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել նաև ավագանու անդամի:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը արտահերթ նիստում ներկայացրեց համահեղինակ Վահագն Հովակիմյանը, որը նշեց, որ նախագծով հարցի կարգավորումը հրատապ է:

Այսպիսով, նախագծով առաջարկվում է ՏԻ մասին օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությունն ունեցող նախադասությամբ՝ այս դեպքում սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումը չի գործում:

«Այդ 6-րդ մասը նախատեսում է, որ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ համայնքի բնականոն կառավարումը շարունակելու համար վարչապետը հնարավորություն ունենա պաշտոնակատար նշանակելու մինչև համամասնական ընտրակարգով ձևավորված համայնքը կընտրի իր համայնքի ղեկավարին: Այսինքն՝ այդ վակուումը փակելու համար է»,- հիշեցրեց Հովակիմյանը:

Նույն օրենքի 27-րդ հոդվածով համայնքի ղեկավարի պաշտոնակատարների համար սահմանված է մեկ չափանիշ, որ պաշտոնակատարը պետք է լինի ՀՀ քաղաքացի: Սակայն նույն օրենքի 19-րդ հոդվածը, ըստ պատգամավորի, վերաբերում է մեծամասնական ընտրակարգին:

«Մեծամասնական ընտրակարգի դեպքով պայմանավորված՝ սահմանափակում կա, որ ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս դեպքում հաշվի առնելով, որ խոշորացված համայնքները համամասնական ընտրակարգով ձևավորված համայնքներ են, և, որպեսզի տարընթերցումը, օրենքի դրույթների հակասությունը վերանան, առաջարկվում է 102-րդ հոդվածի 6-րդ մասում ավելացնել ամրագրում, որ 19-րդ հոդվածի կարգավորումն այս դեպքում չի գործում: Սրանով մենք հնարավորություն ենք տալիս ՀՀ վարչապետին՝ իր քաղաքական կամքն իրացնելիս անկաշկանդ լինել»,- պարզաբանեց Հովակիմյանը:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ստանալով 66 կողմ ձայն: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա մայիսի 6-ին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում