Սամվել Բաբայանը Հայաստանում կուսակցություն կստեղծի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա մարտի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում է 91 կուսակցություն: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ այս մասին նշել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Այդ թվի մեջ են մտնում նաեւ «Ադեկվադ», «Դեմոկրատական այլընտրանք» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունները, որոնք պետական գրանցման մասին դիմում են ներկայացրել 2020 թվականին եւ ստացել պետական գրանցում:
Իսկ միայն այս տարի՝ 2021 թվականին, պետական գրանցման դիմում են ներկայացրել «Արդարություն եւ հայրենիք», Քրիստոնեա-ժողովրդավարական եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները, որոնք ստացել են պետական գրանցում:
Այսինքն՝ Արդարադատության նախարարության պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ մարտի 16-ի դրությամբ Հայաստանում չկա կուսակցություն, որը դիմել է պետական գրանցում ստանալու համար եւ սպասում է դրան: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ առաջիկայում տեղի են ունենալու մի քանի կուսակցությունների հիմնադիր համագումարներ, օրինակ՝ ապրիլի 23-ին տեղի կունենա «Միասնական Հայրենիք» կուսակցության համագումարը:
Նշենք, որ այս կուսակցության սկզբնաղբյուրն արցախյան է, որի նախագահը Սամվել Բաբայանն է, այսինքն՝ վերջինս նպատակ ունի կուսակցություն ստեղծել նաեւ Հայաստանում եւ մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Եվ թերեւս մինչ այդ այլ կուսակցություններ եւս կդիմեն պետական գրանցում ստանալու համար, քանի որ օրենսդրությունը հնարավորություն է տալիս գրանցում ստանալուց անգամ մեկ օր հետո մասնակցել ընտրությունների: Հավելենք, որ այս պահին պետական գրանցման համար դիմում են ներկայացրել եւ փաստաթղթերի ուսումնասիրության փուլում են գտնվում 2 կուսակցություններ՝ «Արեւ» եւ «Իմ Հայաստան» կուսակցությունները։
Սակայն հետաքրքիր է, որ չնայած այդ 91 կուսակցություններից քչերն են ակտիվ, եւ շատերը մարդ-կուսակցություններ են, սակայն դա չի խանգարում, որ տարիների ընթացքում նորերը ստեղծվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կարծիքներ