Երիտասարդական մայրաքաղաք նախագծի շրջանակում Կապանում միջոցառումները մեկնարկելու են մայիսի 1-ին
Հայաստանում 2021 թվականին երիտասարդական մայրաքաաք ճանաչված Կապան քաղաքի համար տարին բավական ակտիվ է լինելու: «Երիտասարդական մայրաքաղաք» նախագծի շրջանակում միջացառումները մեկնարկելու են մայիսի 1-ին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ իրականացվելու է միջոցառումներով հագեցած ծրագիր:
«Բուն ծրագիրը միայն բացման ու փակման միջոցառումները չեն: Տարվա ընթացքում բազմապիսի միջոցառումներ են նախատեսվում իրականացնել Կապանում: ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Կապանում առկա ռեժիմով: Խրախուսում ենք մեր ԱՊՀ գործընկերներին գալ և այստեղ մասնակցել նիստին: Դրանից բացի, Կապանում անցկացվելու է «100 գազափար ԱՊՀ-ի համար» միջոցառման եզրափակիչ փուլը: Միջոցառումները նախատեսվում են սեպտեմբեր, հոկտեմբեր ամսիներին»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը:
Նախարարության երիտասարական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը նշեց, որ մայիսի 1-ին՝ նախագծի մեկնարկի օրը, նախատեսված են մի շարք միջոցառումներ, և իրենք ակնկալում են երիտասարդների ակտիվ մասնակցություն:
«Պատվիրակությունները Երևանից և այլ շրջաններից առավոտյան կլինեն Կապանում և քաղաքապետարանի այգու մոտից երթով կշարժվեն դեպի Բաղաբուրջ հուշահամալիր, որտեղ ծաղիկներ կխոնարհեն արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Կապանի մշակույթի կենտրոնում տեղի կունենա հուշագրի ստորագրում ԿԳՄՍ նախարարության և համայնքապետարանի միջև: Այնուհետև կբացվի երիտասարդների նկարների ցուցահանդեսը: Օրվա ընթացքում սպասվում է համերգային ծրագիր»,- ասաց Գոհար Մամիկոնյանը:
Միջոցառումները կլինեն նաև հաջորդող ամիսներին ինչպես համայնքային, այնպես էլ մարզային, համապետական նշանակության:
Ծրագրի շրջանակում նախարարության հետ համագործակցող «Ֆիչր» կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանը նշեց, որ ամեն ինչ արվում է միջոցառումները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:
«Բոլորին հրավիրում ենք Կապան: Կոչ ենք անում երիտասարդներին ավելի ակտիվ լինել: Մշակութային միջոցառումներից բացի անցկացվելու է սպորտլանդիա, կլինեն նաև քննարկումներ: Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ Կապանի երիտասարությունն իսկապես զգա քաղաքի երիտասարդական մայրաքաղաք լինելու հանգամանքը»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Պատասխանատուները նշեցին, որ հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանվելու են:
Կարծիքներ