Պատգամավորները փոփոխություն են առաջարկում պետական ծառայության պաշտոնի անձնագրում

Պատգամավորները փոփոխություն են առաջարկում պետական ծառայության պաշտոնի անձնագրում

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել պետական ծառայության պաշտոնի անձնագրում:

«ՀՀ ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանի ապրիլի 13-ի նիստում ներկայացրեց խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ առաջարկվում է պետական ծառայության պաշտոնի անձնագրում բարձրագույն, գլխավոր եւ առաջատար պաշտոնների համար սահմանել մասնագիտական աշխատանքային փորձի առավել մեղմ սահմանափակումներ:

«Նախաձեռնությամբ նախատեսվում է պահանջվող առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժը փոխարինել երեք տարով, իսկ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը փոխարինել կրկին երեքով»,- ասաց Բաղդասարյանը:

Հարակից զեկուցող Աննա Կարապետյանը նշեց, որ պատգամավորների նախաձեռնությունը կարող է դիտարկվել որպես ժամանակավոր լուծում՝ մինչ հանրային և քաղաքացիական ծառայությունների ոլորտում կատարվող բարեփոխումների ամբողջական իրականացումը:

Օրենքի նախագիծը հեղինակել են պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Սերգեյ Ատոմյանը, Կորյուն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Քրիստինե Պողոսյանը:

Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել խորհրդարանի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում