Լիտվան և ամբողջ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չեն համարում. Ռայմունդաս Լոպատա
Լիտվայի խորհրդարանում (Սեյմաս) ՀՀ հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի ղեկավար, Ապագայի հանձնաժողովի նախագահ Ռայմունդաս Լոպատան Հայաստան էր այցելել Լիտվայի խորհրդարանի պատվիրակության կազմում: Նա պատասխանել է «Լուրերի» հարցերին։
Պարո՛ն Լոպատա, նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին ևս մեկ ռազմական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ՝ հարձակվելով արևելյան սահմանից և ներխուժելով Հայաստանի տարածք։ Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նման ագրեսիվ գործողությունները և ընդհանրապես տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Ռայմունդաս Լոպատա - Սահմաններում տեղի ունեցող զարգացումների մասին մեր պատվիրակությունը տեղեկացել է դեպի Հայաստան ճանապարհին։ Մենք եկել ենք այստեղ նշելու դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Մեր այցը սկսեցինք Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության հուշահամալիրից: Մեր պատվիրակության անդամների աչքերում ես տեսա ցնցում, ցավ և խոր վիշտ։
Վերադառնալով ձեր հարցին՝ կարող եմ ասել, որ ես չափազանց անհանգստացած եմ օրեր շարունակ աճող լարվածությունից հետո երեքշաբթի օրը Հայաստանի հետ երկայնքով ադրբեջանական կողմից հարձակումների և ծանր զինատեսակների կիրառման վերաբերյալ հաղորդումներից:
Այս պահին վճռորոշ նշանակություն ունի ցանկացած գործողության անհապաղ դադարեցումը և հետագայում ձեռնպահ մնալն այնպիսի գործողություններից, որոնք ավելի կընդլայնեն հակամարտության և մարդկային տառապանքների աշխարհագրությունը։ Մենք վճռականորեն մերժում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոց։
Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն մինչև 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը՝ այդպիսով ճանապարհ հարթելով սահմանների սահմանազատման գործընթացը սկսելու համար միջազգային հովանու ներքո՝ բանակցությունների միջոցով, այլ ոչ թե տեղում փաստեր ներկայացնելով։ Ես ողջունում եմ սահմանի երկայնքով հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները և խրախուսում եմ այս ուղղությամբ կոնկրետ քայլերը:
Կողմերի համար նաև կարևոր է անհապաղ բովանդակային բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման հասնելու նպատակով։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Այսօր Ադրբեջանում գերության մեջ են գտնվում տասնյակ հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Արցախյան հակամարտությունն ավարտված է։ Կմեկնաբանե՞ք Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։
Ռայմունդաս Լոպատա - Լիտվան և ամբողջ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չեն համարում. դա ակնհայտ է։ Հարավային Կովկասի մարդկանց և երկրներին ես շատ կցանկանայի մաղթել խաղաղություն, բարգավաճում և սեփական ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողություն։ Այս առումով հիմնական խոչընդոտը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ահա թե ինչու, ես կարծում եմ, որ, ի վերջո, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից է բխում՝ բարեխղճորեն ներգրավվել բովանդակային բանակցություններում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Ես խորապես հավատում եմ, որ այս հակամարտությունը լուծելու ուրիշ իրագործելի այլընտրանք պարզապես չկա, քան ուղղակի բանակցությունների միջոցով ձեռք բերված փոխզիջումը։ Այս հակամարտության համար արդեն շատ թանկ գին է վճարվել. ես, իհարկե, նկատի ունեմ մարդկային կյանքերը և տառապանքները, բայց նաև ինքնիշխանության, Հարավային Կովկասի երկրների՝ ազատ զարգանալու, իրենց ուղին ազատորեն ընտրելու հնարավորությունը։
Եվս մեկ կարևոր նկատառում. ԵՄ-ն կարող է և պետք է շատ ավելի ակտիվ դերակատարում ունենա ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացման, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելու գործում: Լիտվան խրախուսում է նման դերակատարումը և ակտիվորեն նպաստում է դրան, ինչի մասին հաստատվեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջ. Բորելի անունից նախարար Գ. Լանդսբերգիսի և նրա ավստրիացի, ռումինացի գործընկերների՝ տարածաշրջան կատարած այցի ժամանակ։ Ես կավելացնեմ ևս մեկ բան. Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն արտացոլում են համաշխարհային նշանակություն ունեցող միտումներ։ ԱՄՆ ավելի մեծ ներգրավվածությունը կարևոր նշանակություն ունի:
Գերիների հարցով արդեն այս տարվա փետրվարին Լիտվայի Սեյմասում Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խումբը կոչ արեց Ադրբեջանին արագացնել ռազմագերիների և պատանդների փոխանակումը, անհապաղ դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը և ապահովել նրանց վերադարձը Հայաստան։ Բոլոր բանտարկյալների անվերապահ և անհապաղ վերադարձը (ինչպես նաև առկա ականապատ տարածքների քարտեզների փոխանակումը) կարող է շատ կարևոր քայլ լինել վստահության վերականգնման մեկնարկի համար: Մեր հայտարարության մեջ մենք նաև կոչ ենք արել Եվրամիության կառույցներին՝ հետևողականորեն բարձրացնել այս մարդասիրական խնդիրը՝ Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում։
Կարծիքներ