2022 թվականի «Ավրորա» մրցանակը կշնորհվի հոկտեմբերին Վենետիկում
2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող հատուկ միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 14–16-ը:
Հիմնադրամից հայտնում են, որ մեկ վայրում կհամախմբվեն մարդասիրության ոլորտի աշխարհի առաջատարները՝ արժանին մատուցելու մերօրյա հերոսներին, փառաբանելու մարդկայնության ոգին եւ զորացնելու մարդկանց օգնության ձեռք մեկնողների հաջորդ սերնդին:
Վենետիկում կայանալիք հատուկ միջոցառումների ընթացքում տեղի կունենա Aurora Dialogues երկու քննարկում:
Առաջինը կներկայացնի 2022 թ. «Ավրորայի» հերոսներ Ջամիլա Աֆղանիի, Մահինուր էլ-Մասրիի եւ Հադի Ջումանի անվեհեր աշխատանքը: Իսկ երկրորդի ժամանակ կքննարկեն երիտասարդ սերնդի կենսական դերը՝ մարդկության ապագան որոշող խնդիրների լուծման գործում: Խաղաղության եւ մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստներն ու մարդասերները՝ ներառյալ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ «Ավրորա» համայնքի ներկայացուցիչներն ու նախաձեռնության աջակիցները, կմիավորեն իրենց ջանքերն այնպիսի գաղափարների բացահայտման գործում, որոնք կբերեն շոշափելի, դրական փոփոխությունների:
Հատուկ միջոցառումները կեզրափակվեն 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությամբ, որը տեղի կունենա Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում` աշխարհում հայ մշակույթի ամենանշանավոր կենտրոններից մեկում: Այս տարի «Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց եւ աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում եւ պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում: Արարողության ընթացքում 2022 թ. «Ավրորայի» հերոսներից մեկը կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ ըստ իր ցուցաբերած խիզախության, նվիրվածության եւ ունեցած ազդեցության:
Իսկ այժմ կարող եք առաջադրել թեկնածուների՝ 2023 թ. «Ավրորա» մրցանակի համար: Յուրաքանչյուրը կարող է առաջադրել մերօրյա հերոսների, որոնք վտանգում են սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն ուրիշների կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Ավրորա» մրցանակը ձգտում են լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին:
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ՝ նրան ընձեռելով բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են այլոց:
Բացահայտելով եւ աջակցելով աշխարհում անհայտ հերոսներին՝ «Ավրորան» զգալի ազդեցություն է ունեցել՝ արդեն բարեփոխելով կարիքի մեջ գտնվող ավելի քան 2.7 միլիոն մարդու կյանք:
Կարծիքներ