ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:

Պարոն Դեյվիդ Փրայսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Լուսինե Աբրահամյանը ԱՄՆ-ից ժամանած հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում