Իտալիայի նախկին փոխվարչապետին մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում փախստականների մուտքն արգելելու համար
Իտալիայի Սենատը քվեարկությամբ խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկել է երկրի նախկին փոխվարչապետ, ՆԳ նախկին նախարար, ներկայում սենատոր Մատեո Սալվինիին, ինչի արդյունքում քաղաքական գործչին կարող են դատել ծովում փրկված փախստականների մուտքն Իտալիա արգելելու համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ծայրահեղ աջակողմյան ուժերի ղեկավարը կարող է մինչև 15 տարի ազատազրկման դատապարտվել նախարար եղած ժամանակ իր գործողությունների համար:
«Եթե որևէ մեկին թվում է, որ ինձ կվախեցնեն քաղաքական դրդապատճառ ունեցող դատավարությամբ, ապա սխալ մարդու հետ գործ ունեք»,-քվեարկությունից առաջ Սենատում հայտարարել է Սալվինին:
Հայտնի է, որ սիցիլիական Պալերմո քաղաքի դատախազությունը Սալվինիին մեղադրում է ներքին գործերի նախարար եղած ժամանակ պաշտոնական դիրքը չարաշահելու և Միջերկրական ծովում փրկված ութ տասնյակից ավելի փախստականների մուտքն Իտալիա ապօրինաբար արգելելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախարարներին չի կարելի դատել պաշտոնավարման ժամանակ կայացրած որոշումների համար, քանի դեռ խորհրդարանը նրանց չի զրկել անձեռնմխելիությունից:
«Իտալիան պաշտպանելը հանցագործություն չէ, ես հպարտանում եմ դրանով ու նույնը նորից կանեմ»,-հայտարարել է Սալվինին՝ պնդելով, որ փախստականների մուտքի արգելքը համաձայնեցված է եղել կառավարության հետ:
Կարծիքներ