Վրաստանը և Գերմանիան ստորագրել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի համաձայնագիր
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և նրա գերմանացի պաշտոնակից Նենսի Ֆեզերը, որը պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում, ստորագրել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի բնագավառում գերատեսչությունների միջև համագործակցության համաձայնագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Մենք ստորագրեցինք համաձայնագիր Գերմանիայի կառավարության և Վրաստանի կառավարության միջև «Միգրացիայի և շարժունակության մասին»: Համաձայնագրի նախագիծն ընդգրկում է դրույթներ հետևյալ հարցերի վերաբերյալ՝ անօրինական միգրացիայի կրճատում, համագործակցություն աշխատանքային միգրացիայի ոլորտում, փորձի փոխանակում կրթության ոլորտում», - համաձայնագրերի ստորագրումից հետո Գոմելաուրիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել է Վրաստանի ՆԳՆ ղեկավարը, համաձայնագրի շրջանակներում կողմերը պարտավորվում են իրականացնել կանխարգելիչ աշխատանք և պայքարել անօրինական միգրացիայի մեղսակիցների, մարդկանց թրաֆիքինգի, փաստաթղթերի ու վիզաների չարաշահման դեմ։ Վրաստանը և Գերմանիան կամրապնդեն համագործակցությունը նաև անօրինականորեն բնակվող մարդկանց ռեադմիսիայի գործընթացում։
Վրաստանի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 15-ին Գերմանիայի խորհրդարանը Վրաստանը ճանաչել է որպես անվտանգ երկիր, որտեղ պաշտպանված են մարդու բոլոր հիմնարար իրավունքները:
Կարծիքներ