ԱԺ-ն Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին ընտրեց դատավորներ
ՀՀ ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ ընտրեց Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ արտահերթ նիստում փակ գաղտնի քվեարկություններից հետո արդյունքները հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 68 պատգամավոր: Լիզա Գրիգորյանն ու Կարեն Թումանյանը չէին ստացել ոչ մի «կողմ» ձայն, Լիպարիտ Մելիքջանյանը ստացել էր 68 «կողմ» ձայն:
Երկրորդ պաշտոնի համար առաջադրվել էին Լուսինե Ավագյանի, Գևորգ Գյոզալյանի, Վահե Ռաֆայելյանի թեկնածությունները: Քվեարկությանը մասնակցել էր 67 պատգամավոր, որոնք բոլորն էլ քվեարկել էին Գևորգ Գյոզալյանի օգտին:
Երրորդ պաշտոնի համար առաջադրվել էին Արթուր Դավթյանի, Նաիրա Հովսեփյանի, Աղասի Մկոյանի թեկնածությունները: Քվեարկությանը մասնակցած 67 պատգամավորները «կողմ» են քվեարկել Արթուր Դավթյանին:
Կարծիքներ