Երևանի և Մարսելի մասնագետները կփոխանակեն իրենց փորձն ու գիտելիքները
Երկու բարեկամ քաղաքներ Երևանի և Մարսելի միջև հաստատված շուրջ 30-ամյա գործակցությունը նոր թափ կստանա՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և Մարսելի փոխքաղաքապետների պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են նախանշվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Երևանի քաղաքապետին հյուրընկալել են Մարսելի փոխքաղաքապետները, քանի որ քաղաքապետ Բենուա Պայան հիվանդացել է ՔՈՎԻԴ 19-ով:
Ողջունելով Երևանի քաղաքապետին՝ Մարսելի փոխքաղաքապետ Յանիք Օանիսյանը նկատել է, որ երկու քաղաքների գործակցությունը զարգացման ու ընդլայնման մեծ ներուժ ունի, որը պետք է լիարժեքորեն օգտագործել՝ ի շահ Երևանի և Մարսելի բնակիչների:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ այս այցը լավ հնարավորություն է՝ նախանշելու գերակա ուղղությունները, որոնք հիմք կհանդիսանան գործակցության նոր՝ եռամյա ծրագրի մշակման համար:
Կողմերը կարևորել են մասնագետների փոխանակումը` ընդգծելով, որ համանման խնդիրներ ունեցող քաղաքները պետք է համատեղեն ուժերը ավելի լավ արդյունքների հասնելու համար:
Կարծիքներ