Չեխիայի Սենատի նախագահն աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը
Չեխիայի Հանրապետության Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 8-10-ն աշխատանքային այցով գտնվում է Պրահայում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Հոկտեմբերի 9-ին Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը: ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետևանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք:
«Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. մենք որդեգրել ենք խաղաղության և ժողովրդավարության ուղին, հաստատակամ ենք մեր ընտրության մեջ և ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերման և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ աշխատանքներին:
Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի կառավարությանը՝ ցուցաբերած հումանիտար օգնության համար:
Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը ողջունել է օրերս Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները:
Սենատի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը:
Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը:
Կարծիքներ