Ինչպե՞ս կարելի է նման բան թույլ տալ. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը դատապարտել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը

Ինչպե՞ս կարելի է նման բան թույլ տալ. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը դատապարտել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին մեծ մտահոգությամբ է արձագանքել այսօր առավոտյան Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակին: Գրոսին գործակալության կառավարիչների խորհրդին ասել է, որ հրատապ գործողություններ են անհրաժեշտ՝ պաշտպանելու օբյեկտի անվտանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

«Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանն աշխատում է վթարային դիզելային վառելիքով, որը պաշտպանության վերջին գիծն է», - ասել է Ռաֆայել Գրոսին:

Գրոսին շեշտել է, որ ատոմակայանն առաջին անգամ չէ, որ աշխատում է վթարային ռեժիմով:

«Սա վեցերորդ անգամ է, ևս մեկ անգամ եմ կրկնում՝ վեցերորդ անգամ է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը զրկվել է դրսից ստացվող ամբողջ էլեկտրաէներգիայից և ստիպված է աշխատել վթարային ռեժիմով: Հիշեցնեմ ձեզ՝ սա ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում: Ի՞նչ ենք մենք անում: Ինչպե՞ս կարող ենք այսօր առավոտյան նստել այս սենյակում և թույլ տալ, որ սա տեղի ունենա: Այսպես չի կարող շարունակվել», - ասել է Գրոսին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, այսօր վաղ առավոտյան Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «զանգվածային վրեժխնդրության հարվածը» հասցվել է՝ ի պատասխան մարտի 2-ին Կիևի կողմից «Բրյանսկի մարզում կազմակերպված ահաբեկչական գործողության»: Ուկրաինայի ատոմակայանների օպերատոր «Էներգոատոմ» պետական ընկերությունը հայտնել է, որ գնդակոծության պատճառով ամբողջովին հոսանքազրկվել է Զապորոժիեի ատոմակայանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում