ԿԳՄՍ֊Ն ներկայացրել է իր կողմից ըմբիշներին հատկացված ֆինանսական միջոցները՝ 2021 և 2022 թվականների առաջին եռամսյակում
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները վերջին շրջանում բարձրաձայնում են մարզաձևում առկա մի շարք և մասնավորապես ֆինանսական խնդիրների մասին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Ստորև հրապարակում ենք պաշտոնական որոշ տվյալներ՝ 2021 և 2022 թվականներին ըմբիշներին տրամադրված ֆինանսական հատկացումների վերաբերյալ:
2021 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացված տարբեր ծրագրերի արդյունքում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր և Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Հարությունյանը ստացել է 14 մլն 851 հազար դրամ:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի պարագայում այդ գումարը 2021 թվականի կտրվածքով կազմել է 14 մլն 475 հազար դրամ:
Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը ստացել է 8 մլն 214 հազար դրամ:
Վազգեն Թևանյանը ստացել է 5 մլն 558 հազար դրամ:
Սլավիկ Գալստյանը ստացել է ավելի քան 5 մլն դրամ:
2022 թվականի առաջին եռամսյակում Արսեն Հարությունյանն արդեն իսկ ստացել է ավելի քան 1 մլն դրամ, Սլավիկ Գալստյանը՝ 720 հազար, իսկ Վազգեն Թևանյանը՝ 540 հազար դրամ:
Ինչ վերաբերում է ըմբիշների բարձրաձայնած մյուս՝ վնասվածքների բուժման խնդրին, ապա նշենք, որ մարզիկների բուժզննման և վնասվածքների բուժման ապահովմամբ զբաղվում է «Սպորտային բժշկության կենտրոնը», որը 2021 թվականից գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ներքո: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային 12 մլն դրամ է հատկացվել՝ դեղորայքի, հավելումների և վիտամինների ձեռքբերման համար:
Հավելենք, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի՝ 2022 թվականի ֆինանսավորումը 338 մլն 320 հազար դրամ է կազմում: ԿԳՄՍ նախարարությունն այս գումարը հատկացնում է տարվա ընթացքում ներքին մրցումների կազմակերպման, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնություններին պատշաճ նախապատրաստության և մասնակցության համար:
Կարծիքներ