Հնդկաստանում «Միչաունգ» ցիկլոնի զոհերի թիվը հասել է 12-ի
Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգին պատուհասած «Միչաունգ» ցիկլոնի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 11-ը՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ NDTV պարբերականը հաղորդում է, որ զոհերը հիմնականում նահանգի մայրաքաղաք Չեննայից են:
Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի մասին։
Ցիկլոնն ուղեկցվել է փոթորկալից քամիներով և հորդառատ անձրևներով։ Քամին տապալել է ծառեր ու լուսավորման սյուներ, ավերել տներ։ Իշխանությունները կազմել են մի քանի արձագանքման խմբեր՝ անձրևից տուժած բոլոր շրջաններում փրկարարական աշխատանքների իրականացման համար։
Նահանգի կառավարությունը տարերքի հետևանքով անօթևան մնացած մարդկանց համար ստեղծում է ժամանակավոր տեղավորման կենտրոններ: Նահանգի ինը տուժած շրջաններում, այդ թվում՝ Չեննայում, ընդհանուր առմամբ, ստեղծվել են 61 666 ժամանակավոր կացարաններ և օգնության տրամադրման կենտրոններ:
Կարծիքներ