Ադրբեջանի նկատմամբ համարժեք միջոցների բացակայությունը կարող է նոր ագրեսիաների պատճառ դառնալ ժողովրդավարական Հայաստանի դեմ․ Մարուքյան
Միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի նկատմամբ համարժեք ու նպատակաուղղված միջոցների բացակայությունը կարող է նոր ագրեսիաների պատճառ դառնալ ժողովրդավարական Հայաստանի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման դիտարկում է արել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր Twitter–ի էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Երասխի ուղղությամբ կրակելու դեպքին, ինչի հետևանքով նաև քաղաքացիական ավտոմեքենա ու ենթակառուցվածք են վնասվել։
Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող գործարանի մեքենաների և ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ։
Մարուքյանի կարծիքով՝ սա աղաղակող վարքագիծ է, որը հակասում է խաղաղ գործընթացի ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին և ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի վերաբերյալ բոլոր պարտավորությունների կոպիտ խախտում է։
«Մենք խստորեն դատապարտում ենք այս սադրիչ պահվածքը և կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցներն ու ուղղակի կոչերը՝ զերծ մնալու նման ապակառուցողական մոտեցումից»,- գրել է Մարուքյանը Twitter–ի իր էջում։
Կարծիքներ