Կիսաեզրափակչի 3 մասնակից հայտնի է. Շախմատի աշխարհի գավաթ
Աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հաղթել է ֆրանսիացի Էթյեն Բակրոյին և դուրս եկել շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:
Կարլսենը քառորդ եզրափակիչի երկու խաղերում էլ հաղթել է ֆրանսիացուն: Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան, ով 1,5: 0,5 հաշվով հաղթել է հնդիկ Վիդիտ Գուջրատիին:
Ավելի վաղ նշել էինք, որ կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև ռուս շախմատիստ Վլադիմիր Ֆեդոսեևը, ով հաղթել է իրանցի Ամին Տաբատաբաեին: Ֆեդոսեևի մրցակիցը կիսաեզրափակչում կլինի Կարյակին- Շենքլանդ զույգի հաթղը: Այս դիմակայությունում առայժմ հաշիվը 1-1 է:
Տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկությունը կավարտվի օգոստոսի 6-ին: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 1.89 միլիոն դոլար է: Մրցաշարի լավագույն երկու շախմատիստները, բացառությամբ Կարլսենի, կստանան հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:
Հիշեցնենք, որ Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակչի թայ-բրեյքի երկրորդ պարտիայում պարտվեց Իրանի ներկայացուցիչ Ամին Տաբատաբայեին ու դուրս մնաց հետագա պայքարից։
Կարծիքներ