Պրոլետարսկում, որտեղ 10 օր այրվում է նավթաբազան, չեղարկվել է Քաղաքի օրը

Պրոլետարսկում, որտեղ 10 օր այրվում է նավթաբազան, չեղարկվել է Քաղաքի օրը

Ռոստովի մարզի Պրոլետարսկի իշխանությունները, որտեղ ուկրաինական անօդաչու թռչող սարքի գրոհից հետո արդեն տասներորդ օրն է` այրվում է նավթաբազան, չեղարկել են Քաղաքի օրվա և Պրոլետարսկի շրջանի հարյուրամյակի տոնակատարությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 1Rnd լրատվական կայքը հաղորդում է, որ քաղաքի իշխանությունները բնակչությանը կոչ են արել իրավիճակի վատթարանալու դեպքում մնալ փակ տարածքներում և օդանցքերը փակել խոնավ շորով: Տեղի բնակիչները դժգոհում են տարածվող ծխից, ինչը դժվարացնում է շնչելը: Միևնույն ժամանակ Ռոստովի մարզում գործող «Ռոսպոտրեբնադզոր»-ի վարչությունը հայտարարել է, որ վնասակար նյութերի ցուցանիշները չեն գերազանցում նորման։

Ըստ լրատվամիջոցի՝ իշխանությունները չեն պլանավորում տարհանել Պրոլետարսկի բնակիչներին, սակայն շատերն իրենց նախաձեռնությամբ մեկնել են քաղաքից։

Օգոստոսի 18-ին անօդաչուների գրոհի հետևանքով բռնկվել է Պրոլետարսկում գտնվող վառելիքի պահեստը: Տեղի է ունեցել դիզելային վառելիքով լի շուրջ 20 ցիստեռնի բռնկում՝ յուրաքանչյուրը 5000 խմ ծավալով։ Այդ ժամանակվանից հրշեջներին չի հաջողվում մարել կրակը։

Հրդեհի մեկուսացմանը ներգրավվել են Արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիան, հատուկ գնացքներ և ավելի քան 500 փրկարար, այդ թվում՝ հարևան տարածաշրջաններից։ Հաղորդվում է 49 տուժած հրշեջի մասին։ Օգոստոսի 19-ից Պրոլետարսկում գործում է արտակարգ դրության ռեժիմ։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում