Ատեստատներն ու վկայականները կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով․ փոփոխություն է նախատեսվում
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2010 թվականի հունիսի 22-ի N 609-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը, որի համաձայն նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներից վկայականների և ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավորումը:
Վկայականները և ատեստատները կպահպանվեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հասանելի կդառնան Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգում (e-verify.am)՝ ըստ անհրաժեշտության:
Iravaban.net-ը հայտնում է, որ առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին տրամադրվող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի լրացման, հաշվառման և պահպանման գործընթացները պատշաճ կազմակերպելու համար սահմանել դրույթներ՝
1․ թվայնացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին տրվող ավարտական փաստաթուղթը,
2․ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում վկայականները և ատեստատները գրանցել համապատասխան բաշխման մատյաններում՝ ինքնաշխատ եղանակով,
3․ վկայականները և ատեստատները պահպանել կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգում (e-verify.am),
4․ կրկնօրինակների տրամադրման համար նախատեսված վկայականները և ատեստատները պահպանել կրթության կառավարման պետական լիազոր մարմնի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնում՝ չհրկիզվող պահարաններում:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միջոցառման գլխավոր նպատակն է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լայն կիրառումն ուսուցման ու կրթության կառավարման համակարգերում:
Մարդկային ռեսուրսների խնայողության, բաց, թափանցիկ համակարգ ձևավորելու նպատակով թվային գործիքների զարգացման միջոցով «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը» ընդլայնում է վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական համակարգը:
Միջոցառման իրականացումը պայմանավորված է հանրակրթության ոլորտում վարչարարության կրճատման, թվային գործիքների զարգացման, ռեսուրսների խնայողության անհրաժեշտությամբ:
Նշվում է նաև, որ ներկայումս հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները: Ավարտական փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով, ինչը պահանջում է ժամանակ, ֆինանսական միջոցներ, քիչ չեն նաև կորցնելու, անհրաժեշտության դեպքում հավաստիությունը ստուգելու, այլ ռիսկերով պայմանավորված գործոնները: Ավարտական փաստաթղթերը պահպանվում են աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնում՝ չհրկիզվող պահարաններում:
Կարծիքներ