Նիդեռլանդներում ցուցարարներ են վիրավորվել ոստիկանների կրակոցներից
Ռոտերդամ քաղաքում ցուցարարներին ցրելու ժամանակ ոստիկանների կողմից արձակված նախազգուշական կրակոցներից մի քանի մարդ վիրավորվել է, Риа новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է NL Times-ը ՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության հայտարարությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոտերդամի ոստիկանությունը նախազգուշական կրակոցներ է արձակել բողոքի ցույցերի ժամանակ, որոնք հանդես են եկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար ներդրված սահմանափակող միջոցների դեմ։
Անցյալ շաբաթ Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն ասել էր, որ երկրի իշխանությունները որոշել են մի շարք սահմանափակող միջոցներ մտցնել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար, դրանք ուժի մեջ կլինեն մինչև դեկտեմբերի 4-ը։
Առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութներն ու սուպերմարկետները, դեղատները, ինչպես նաև ռեստորանները, սրճարաններն ու բարերը պետք է փակվեն ժամը 20։00-ին։ Մնացած խանութները, ինչպես նաև վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները կաշխատեն մինչև ժամը 18.00-ն։ Սպորտային միջոցառումները կանցկացվեն առանց հանդիսատեսի։ Միաժամանակ սահմանափակումները չեն տարածվի համերգասրահների, կինոթատրոնների և թատրոնների վրա։ Բացի այդ, կրկին ուժի մեջ է մտել սոցիալական հեռավորության 1,5 մետր կանոնը, ինչպես նաև հնարավորության դեպքում տնից աշխատելու հանձնարարականը։
Կարծիքներ