ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնին մեղադրել է Խաշոգջիի սպանությանն աջակցելու համար

ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնին մեղադրել է Խաշոգջիի սպանությանն աջակցելու համար

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը կարծում է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը 2018 թվականին անձամբ է հավանություն տվել լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը, ասվում է գերատեսչության զեկույցում, հաղորդում է NBC News-ը։

«Մեր գնահատականներով՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը հավանություն է տվել Ստամբուլում լրագրող Ջամալ Խաշոգջիի ձերբակալման կամ սպանության գործողությանը»,- ասված է գերատեսչության զեկույցում:

Ամերիկյան հետախուզությունը ենթադրում է՝ նման գործողություններ չէին կարող ձեռնարկվել առանց նրա հավանության։

«Գահաժառանգ արքայազնը Խաշոգջիին դիտարկել է որպես թագավորության համար սպառնալիք և նրան լռեցնելու համար բռնի միջոցներ է կիրառել», - ասված է զեկույցում:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում