15-ամյա վանաձորցիների վիճաբանությունն ավարտվել է 3 անձի դանակահարությամբ. նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է անչափահասներին ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից":
2022 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 21:45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վանաձոր քաղաքի երեք բնակիչներ, որոնցից երկուսը 17, մեկը՝ 18 տարեկան:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդների մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաեւ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, անհատականացվել վերջինիս գործողությունները, որոնց տրվել է համարժեք իրավական գնահատական:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդները հիշյալ վնասվածքները ստացել են 2022 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 20։50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցին հարակից «Ատեկա» կոչվող տարածքում մի խումբ երիտասարդների միջեւ ծագած վիճաբանության ժամանակ:
Քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի 15-ամյա երկու պատանիների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի վերաբերյալ հետագա պարզաբանումների նպատակով երիտասարդները պայմանավորվել են հանդիպել նշված վայրում, որին մասնակցել է մի կողմից 8 անձ, ովքեր զբաղվում են «Գրեպլինգ» տեսակի մարզաձեւով, եւ մյուս կողմից՝ 19 անձ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկին՝ 18-ամյա երիտասարդին, ծանր մարմնական վնասվածք հասցրած անձանցից մեկի ինքնությունը, որը Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակիչ է:
Օրենքով սահմանված կարգով վարութային ու ապացուցողական այլ գոր-ծողություններով ձեռքբերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
Վերջինիս վերաբերյալ մասով նախաքննությոնն ավարտվել է, անջատվել առանձին վարույթում, եւ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին:
Մյուս երկու տուժածներին մարմնական վնասվածքներ հասցրած անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին/անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու եւ իրավական գնահատական տալու, ինչպես նաեւ՝ հանցագործության գործիքը/ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ:
Կարծիքներ