Թե աշխատատեղերի քանակով, թե միջին ամսական եկամտի մասով ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել. ՊԵԿ նախագահ

Թե աշխատատեղերի քանակով, թե միջին ամսական եկամտի մասով ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել. ՊԵԿ նախագահ

2021 թվականին թե աշխատատեղերի քանակով, թե միջին ամսական եկամտի մասով ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել:

Այս մասին կառավարության նիստում նշեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:  

«Հանրապետությունում 2021 թվականի նոյեմբերի տվյալներով եղել է 654 հազար աշխատատեղ: Արդեն ունենք 2021 թվականի աշխատատեղերի միջին ամսական ցուցանիշը, որը կազմել է 634 հազար: Համեմատության համար նշեմ, որ 2020 թվականի միջին ամսական ցուցանիշը եղել է 609 հազար, 2019 թվականին՝ 602 հազար: 2020 թվականի համատ աշխատատեղերի այս տարվա միջին ամսական ցուցանիշը գերազանցում է  25 հազարով կամ 4.1 տոկոսով, 2019-ի համեմատ՝ 32 հազարով կամ 5.3 տոկոսով»,-ասաց Ռուստամ Բադասյանը:

Ներկայացնելով միջին ամսական եկամուտների ցուցանիշը (դեկտեմբեր ամսվա տվյալները ներառված չեն), ՊԵԿ նախագահը նշեց, որ  մեկ աշխատատեղի գծով միջին ամսական եկամուտը 2021 թվականին կազմել է 214 հազար դրամ: 2020 թվականին այդ թիվը 203 հազար էր, 2019 թվականին 190 հազար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է հաշվի առնել նաև այն, որ առկա է նախատեսածից ավելի գնաճ: Նա պարզաբանեց, որ այստեղ գլոբալ երևույթի հետ գործ ունենք՝ կապված կորոնավիրուսի հետ: Ձեռնարկությունները չեն աշխատել, ապրանքների դեֆիցիտ կա, ու որպես հետևանք գներն աճում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում