Կրթության շահառուները և պատասխանատուն բոլորս ենք՝ անհատից մինչև պետություն. Վահրամ Դումանյան
‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› վերջնանպատակն է ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված, արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այս մասին ընդգծել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ին կազմակերպած «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
ԱԺ քննարկմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը: Նրանք անդրադարձել են հնչած մտահոգություններին, պատասխանել պատգամավորների և քննարկմանը ներկա ոլորտի մասնագետների հարցերին:
Ծրագիրը մշակվել է երեք ռազմավարական ուղղություններով՝ համընդհանուր ներառականություն, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում՝ ուղղված բոլոր մակարդակներում՝ ուսումնական հաստատություններից մինչև պետական մարմիններ կառավարման արդյունավետության ապահովման և ռեսուրսների արդյունավետ ու նպատակային օգտագործման: Շեշտադրված hաջորդ կարևոր խնդիրը կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումն է՝ շահեկանորեն փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում:
«Կրթության շահառուները բոլորս ենք՝ անհատից մինչև պետություն, հետևաբար նաև պատասխանատուն ենք: Ուստի, միայն համատեղ ջանքերով կարող ենք ապահովել մեր երեխաների և երիտասարդների 21-րդ դարին վայել կրթությունը: Կրթությանն ուղղված ֆինանսական միջոցները ոչ թե ծախս են, այլ անհրաժեշտ ներդրում պետության և հասարակության զարգացման, մեր վաղվա oրվա և ապագայի համար»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:
Նախարարի խոսքով՝ համալիր միջոցառումների արդյունքում շուրջ 7600 օտարերկրյա ուսանողների թիվը 2030 թ. առնվազն կկրկնապատկվի:
Մասնագիտական և բարձրագույն կրթական համակարգում նախատեսվում է բարձր առաջադիմություն ցուցաբերող սոցիալապես անապահով ուսանողներին պետական կրթաթոշակների տրամադրում և փոխհատուցում՝ բացառելով վճարունակ չլինելու պատճառով բուհից դուրս մնալու դեպքերը:
Շարունակական կրթության ապահովման տեսանկյունից առանցքային է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության կրեդիտների հաշվառման ու փոխանցման մեխանիզմների ներդրումը հանրակրթության, մասնագիտական կրթության, բարձրագույն կրթության, ինչպես նաև շարունակական և լրացուցիչ կրթության համակարգում:
Նախարարը նշել է, որ արվեստի, գեղարվեստի, երաժշտական և սպորտային դպրոցները, մանկապարտեզները, զարգացման կենտրոնները կունենան գործունեության միասնական չափորոշիչներ:
Քննարկման ընթացքում խոսվել է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ռեեստրի ստեղծման մասին: Կարևորվել է մեծահասակների կրթության հնարավորությունների շարունակական զարգացումը: Ծրագիրը նաև նախատեսում է, որ ընդլայնվելու են հայեցի կրթություն ստանալու աշխարհասփյուռ հայության հնարավորությունները:
Նախարարը տեղեկացրել է, որ խորհրդարանի կողմից ծրագրի հաստատումից հետո ՀՀ կառավարությունը կհաստատի նաև ծրագրի իրականացման գործողությունների պլանը՝ սահմանելով հստակ ժամկետային թիրախներ և ծախսային գնահատականներ: Ընդգծվել է, որ գործողությունների ծրագրի մշակումը ևս կիրականացվի հնարավորինս մասնակցային, գործընթացում կընդգրկվեն շահագրգիռ բոլոր կողմերը:
Հարցուպատասխանի ձևաչափում, ինչպես նաև ելույթների ընթացքում ոլորտի մասնագետներն անդրադարձել են բուհերի մրցունակության բարձրացմանն ուղղված քայլերին ու վարկանիշավորման գործընթացին: Անդրադարձ է եղել դպրոցներում հետազոտական աշխատանքների իրականացման կարևորությանը, նախագծային կրթության անհրաժեշտությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթության մատչելիությանն ու հասանելիությանը, բուհերի լիցենզավորման պահանջների վերանայման նպատակահարմարությանը:
Նախարարը փաստել է, որ բուհերը պետք է մրցակցեն միջազգային ասպարեզում ընդունված չափանիշներով: Միջազգային չափորոշիչներին համապատասխանելու առումով Վահրամ Դումանյանը կարծիք է հայտնել, որ պետք է բուհի շենքը կառուցելու չափանիշներն էլ փոխվեն: Խոսելով բուհերի հավատարմագրման և լիցենզիայի համար անհրաժեշտ պայմանների մասին՝ նա նշել է, որ այս գործընթացում հաջորդական քայլեր պետք է իրականացվեն՝ միտված ոլորտը քայլ առ քայլ բարելավելուն:
Կարևորվել է ավագ դպրոցում և բուհում աշխատանքային իրավունքներին ու հարաբերությունների առանձնահատկություններին վերաբերող դասընթացների կազմակերպումը:
Նախարարը, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը պատասխանել են ներկաներին հարցերին:
Մասնավորապես, ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ծրագրում հաշվի են առնվել ՄԱԿ-ի կայուն զարգացման ծրագրի նպատակները, և ամբողջ ռազմավարության հենքը որակյալ կրթական ծառայությունների համընդհանուր հասանելիությունն է:
Անդրադարձ է եղել բուհերի խոշորացման նպատակահարմարությանը, գործընթացի թափանցիկությանը: Կարծիք է հնչել, որ խնդիրը պետք է լինի համակարգի առողջացումը, իսկ բուհերի խոշորացմամբ հարցը չի լուծվելու, ուստի որոշակի ժամանակ է պետք՝ իրավիճակը գնահատելու և լուծումներ գտնելու համար:
Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ընդգծել է, որ քննարկման մասնակիցները համակարծիք են, որ կրթության ոլորտում առկա են խնդիրներ, որոնք համատեղ ջանքերով պետք է լուծվեն։ Քննարկումները շարունակական դարձնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, բուհերի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ:
Կարծիքներ