ԱՄՆ-ում մոտ տասը մարդ վիրավորվել է ռեստորանի մոտ հրաձգության հետևանքով
Մոտ տասը մարդ վիրավորվել է հինգշաբթի երեկոյան Ֆլորիդա նահանգի Մայամի Գարդենսի հայտնի ռեստորանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Ոստիկանությունը տեղեկացրել է՝ դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչ պատճառով է եղել հրաձգությունը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 20:00-ին։ Զոհերի ստույգ թիվը նույնպես պարզ չէ; Ըստ իրավապահ մարմինների աղբյուրի՝ կարող էր վիրավորվել մինչև 10 մարդ։
Մայամի Գարդենսի ոստիկանապետ Դելմա Նոել-Պրատը նշել է, որ հետաքննվում է փոխանցված տեղեկությունը, թե ռեստորանի մոտ ինչ-որ տեսահոլովակ էր նկարահանվում: «Մենք կարծում ենք, որ սա եզակի միջադեպ է»,-շեշտել է Նոել-Պրատը:
Նշվում է, որ սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել, որ միջադեպը տեղի է ունեցել երաժշտական տեսահոլովակի նկարահանման ժամանակ, վիրավորների թվում են նաև ռեփեր Ռոբ49-ը և նրա թիկնապահը։ Սակայն ոստիկանությունը դեռ չի հաստատել այս հաղորդագրությունը։
Կարծիքներ