ՀՀ ԿԳՄՍ նախարարն ԱՄԷ պատվիրակության հետ քննարկել է մշակութային համագործակցության խորացման հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ԱՄԷ պատվիրակության հետ քննարկել է մշակութային համագործակցության խորացման հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ, Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ ալ Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ ալ Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ ալ Հաջրին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախարար Դումանյանը ողջունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ, Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ ալ Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամական ամուր  կապերի առկայությունն ու ջերմ հարաբերությունները: 

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով Արաբական Միացյալ Էմիրություններում 2022-ի մարտի 10-28-ը կայացած «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանը որպես պատվավոր հյուր ընդունելու և առանձին, ներկայացուցչական տաղավարով ներկայանալու հնարավորության համար:

«Մենք շատ ենք կարևորում նմանօրինակ ծրագրերը, քանի որ դրանք նպաստում են մշակութային համագործակցության ամրապնդմանն ու երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների սերտացմանը՝ հնարավորություն ընձեռելով առավել խորությամբ ճանաչելու միմյանց: Ցանկանում ենք, որպեսզի նմանօրինակ միջոցառումները կրեն պարբերական բնույթ և տարեցտարի փոխադարձ այցելություններով իրականացվեն երկու երկրներում»,- նշել է նախարար Դումանյանն առավելապես կարևորել է ինստիտուցիոնալ համագործակցությունը միջմշակութային երկխոսության նոր հարթակների ձևավորման, թարգմանչական ծրագրերի իրականացման, հուշարձանների վերականգնման ոլորտում փորձի փոխանակման ուղղությամբ:

«Նախարարը վստահություն է հայտնել, որ այցի շրջանակում Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահի գլխավորած պատվիրակությունը կծանոթանա Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը:

Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ, Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ ալ Մուսալլամը շնորհակալություն է հայտնել նախարարին հրավերի  և  ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների և ժողովուրդների միջև ամուր համագործակցության և ջերմ հարաբերությունների առկայությունն ու այն առավել խորացնելու  պատրաստակամությունը:

Պատվիրակության ղեկավարը նույնպես կարևորել է միջմշակութային համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչումը՝ փորձի փոխանակման, թարգմանչական ծրագրերի իրականացման, երկու երկրների մշակույթների փոխճանաչման, լեզուների ուսուցման, գրադարաններում  գրականության համալրման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի արդիականացման և ստորագրման հնարավորությանը:

Հանդիպման ընթացքում նախարար Վահրամ Դումանյանը  գործընկերոջն է ներկայացրել  2020 թվականին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների խեղաթյուրման ու ոչնչացման հետ կապված մտահոգությունները՝ նշելով նաև, որ դրանք ներկայացնում են համամարդկային մշակութային արժեք: Ի պատասխան՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ ներկայացված մտահոգությունը կփոխանցի ԱՄԷ կառավարությանը:

Տեղեկացվում է նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, որտեղ հյուրերը ծանոթացել են թանգարանի մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Այնուհետև պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմության թանգարան, որտեղ համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի պատմության թանգարանի և Շարժայի ժառանգության ինստիտուտի միջև:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև այցելություններ մշակութային հաստատություններ, Դաշտադեմի ամրոց և Զվարթնոց տաճար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում