Իսրայելական կողմի հարվածների հետևանքով զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ևս զոհվել է Թհրանի ուղղությամբԻսրայելի հարձակումների հետևանքով։
Այս մասին հայտնում են իրանական Mehr և ISNA լրատվական գործակալությունները, The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) ներկայացուցչին, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամիի, ինչպես նաև երկու ատոմային գիտնականների՝ դոկտոր Թեհրանչիի և Ֆերեյդուն Աբբասիի զոհվելու մասին։
Նշվում է, որ Բաղերիի պաշտոնը ժամանակավորապես կստանձնի ծովակալ Հաբիբոլլա Սայյարին։ Սալամիի պաշտոնը՝ ԻՀՊԿ «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նախկին ղեկավար Ահմադ Վահիդին։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին և սկսել է ռազմական գործողություն՝ «Առյուծների նման» կամ «Առյուծների սերունդ» անվանմամբ։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ գործողությունը կտևի «այնքան օր, որքան անհրաժեշտ լինի»։
ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ Իրանը բավականաչափ հարստացված ուրանի պաշար ունի՝ մի քանի ատոմային ռումբ պատրաստելու համար մի քանի օրվա ընթացքում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այս «անխուսափելի վտանգը» կանխելու համար:
Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին զգուշացրել է Իրանի տարածքին հարվածներից հետո «դառը և ցավալի» հետևանքների մասին։
Խամենեին հայտարարել է, որ կատարյալ ազատություն է տալիս զինվորականներին:
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանի արևելքում գտնվող Նարմակ թաղամասում Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 20-ը, ավերվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ:
Կարծիքներ