Չկա ոչ վաշինգտոնյան, ոչ արևմտյան նախագիծ, կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ. Մարուքյան

Չկա ոչ վաշինգտոնյան, ոչ արևմտյան նախագիծ, կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հերքել է, որ արցախյան հարցի խաղաղ կարգավորման համար շրջանառվում է ամերիկյան կամ արևմտյան նախագծեր։

«Պաշտոնապես ասում եմ՝ չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ։ Կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմը աշխատել է այս ընթացքում, աշխատանքները ավարտված են կարելի է ասել և դրա վերաբերյալ առաջիկա հանդիպմանը կլինի քննարկում»։

Անդրադառնալով վերջերս ԱԺ ամբիոնից Գեղամ Մանուկյանի կողմից փաստաթղթի պատռելուն, Մարուքյանը նշել է, որ դա հանդիպման ամփոփագիրն է եղել, ոչ թե պայմանագրի նախագիծ:

«Այն ինչ Գեղամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից պատռում էր, անգամ եթե ընդունենք, որ դա իրական է, դա հանդիպման ամփոփագիր է, պայմանագրի նախագիծ չէ։ Երբևէ Գեղամ Մանուկյանը ռիսկ կանի պատռել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։

Կա ռուսական նախագիծ։ Վարչապետն ասել է, որ սեպտեմբերին ներկայացվել է և հայկական կողմը համաձայնել է այդ առաջարկներին։ Ռուսական կողմը գիտի, որ դա ընդունելի է հայկական կողմի համար ու անընդունելի ադրբեջանական կողմի համար։ Հայկական կողմը հույս է հայտնում, որ Սոչիում ռուսական կողմը կպնդի և կհամոզի ադրբեջանական կողմին»,- ասել է Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանն ասել է, որ ՌԴ-ն առաջարկում է, որպեսզի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը հետաձգվի։ Հայկական կողմը դրական է արձագանքել։ Իսկ Արևմուտքի բանավոր առաջարկները հետևյալն է, որ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ստեղծվի միջազգային մեխանիզմ և նրանց դիտարկման ներքո տեղի ունենա բանակցություններ՝ ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների, անվտանգության, ազատությունների հարցերի վերաբերյալ։ Ադրբեջանը համաձայն չէ ոչ առաջինին, ոչ երկրորդին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում