Վաճառված հասարակական օգտագործման կանաչ տարածքների գործով ՔՏՀԱՏՄ-ն դիմել է դատախազություն
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ. մարտ-ապրիլ ամիսներին ստուգում է իրականացրել ՀՀ Արարատի մարզի մի շարք համայնքներում՝ այդ թվում Արտաշատ քաղաքային համայնքում։
Տեսչական մարմնից հայտնում են, որ Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ մի շարք խախտումներից բացի, համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2008թ. որոշմամբ քաղաքացի Լ. Խ-ին օտարվել է 0.0072հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում հողամասն առքուվաճառքի պայմանագրով օտարվել է քաղաքացի Վ. Ա-ին։
Համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2008թ. մեկ այլ որոշմամբ քաղաքացի Գ. Թ-ին օտարվել է 0.0072հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում հողամասը առքուվաճառքի պայմանագրով օտարվել է քաղաքացի Ա. Ա-ին։
Համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2016թ. որոշմամբ Գ. Պ-ին օտարվել է 0.197հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս:
Համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2012թ. որոշմամբ քաղաքացի Գ. Պ-ին օտարվել է 0.03հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում համայնքի ղեկավարի 2014թ. որոշմամբ նույն քաղաքացուն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի կարգով օտարվել և միավորվել է 0.01922հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, ինչից հետո 2014թ. տրվել է շինթույլտվություն, և կառուցապատում է արվել։ Անշարժ գույքը ստացել է պետական գրանցում՝ 0.04922հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և անշարժ գույքի բաժնեմասի նվիրատվության պայմանագրով 2019թ. ստացել պետական գրանցում Գ. Պ-ի և Ա. Ա-ի անվանբ՝ որպես ընդհանուր բաժնային սեփականություն։
Արտաշատ համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին մեկ այլ՝ 2014թ. որոշմամբ քաղաքացի Վ. Ա-ին օտարվել է 0.0072հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում համայնքի ղեկավարի՝ ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու մասին 2019թ. որոշմամբ՝ քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ավտոլվացման կետն օրինականացվել է և ստացել պետական գրանցում։
Համայնքի ղեկավարի մեկ այլ՝ լրացուցիչ հողատարածք հատկացնելու մասին 2008թ. որոշմամբ՝ քաղաքացի Գ. Ս-ին ուղղակի վաճառքի կարգով օտարվել է 0.01578հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Սակայն վերոնշյալ հողամասերը ըստ ՀՀ կառավարության 19.01.2006թ. «ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքային համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N33-Ն որոշման համարվում են հասարակական օգտագործման կանաչ տարածքներ, հետևաբար դրանց օտարման արգելք է գործել։
Ելնելով վերոգրյալից՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը թվարկված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
Կարծիքներ