Պատրաստակամ եմ համագործակցել բոլորի հետ. Երևանի փոխքաղաքապետի թեկնածու
Երևանի արդեն նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին փոխարինելու կգա Սերգեյ Ներսիսյանը: Օրերս մամուլը գրել էր, որ չնայած վերջինս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի թեկնածուն է, այունամենայնիվ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումը հարթ չի եղել:
Freenews.am-ի հետ զրույցում Սերգեյ Ներսիսյանը նշեց. «Իմ և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ շփումը եղել է հարց ու պատասխանի տեսքով: Ոչ ոք իմ ներկայությամբ չի ասել՝ կողմ է, թե դեմ: Գուցե դա եղել է առանձին քննարկման ժամանակ: Ես բոլորի նկատմամբ շատ դրական եմ տրամադրված, պատրաստակամ եմ համագործակցել բոլորի հետ: Իմ նպատակաը մեկն է՝ ապահովել Երևան համայնքի եկամուտների աճ, ներդրումային ծրագրերի աճ, մաքսիմալ հիմնավորել և եթե հնարավոր է կրճատել, օպտիմալացնել ծախսերը: Իմ նպատակը ընդամենը դա է, ես աշխատանքային ուրիշ ոչ մի այլ գործառույթ չեմ իրականացնելու»:
Հարցին, ինչո՞վ է պայմանավորված հենց իր թեկնածության առաջադրումը, Ներսիսյանը պատասխանեց. «Մասնագիտությամբ ֆինանսիստ եմ, իմ մասնագիտական աշխատանքի գնահատականը ես չէ, որ պետք է տամ: Դա պետք է տան այն մարդիկ, ում հետ ես համագործակցել եմ, ովքեր նկատել են իմ արած աշխատանքները: Ամեն մարդ, եթե ինքնագնահատմամբ զբաղվի, շատ ցավալի արդյունք կունենանք: Իմ կարծիքով մարդու կատարած աշխատանքի գնահատականը տալիս է ժողովուրդը, այն հանրությունը, ում հետ դու աշխատել ես, ծրագրեր ես իրականացրել»:
Հիշեցնենք, որ Սերգեյ Ներսիսյանը 29 տարեկան է, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է:
Կարծիքներ