Բաքուն քննադատել է Եվրախորհրդարանի բանաձևը, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Ադրբեջանի խորհրդարանը հիստերիա է բարձրացրել և «օբյեկտիվությունից հեռու» է համարել հոկտեմբերի 5-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը՝ ԵՄ-ի և Բաքվի միջև հարաբերությունների վերանայման և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին։
«Ադրբեջանի խորհրդարանը խիստ բողոք է հայտնում հոկտեմբերի 5-ին Եվրախորհրդարանի կողմից կողմնակալ և օբյեկտիվությունից հեռու բանաձևի ընդունման դեմ և դատապարտում է մեր երկրի դեմ ուղղված այս քայլը: Հիշեցնում ենք, որ Ադրբեջանը պարտավորություններ չունի Եվրախորհրդարանի նկատմամբ, և լավ կլինի, որ նա զբաղվի Եվրոպայում տարածվող իսլամաֆոբիայի, հակասեմիտիզմի, միգրանտների իրավունքների զանգվածային և կոպիտ ոտնահարումների և նմանատիպ այլ խորը արմատացած խնդիրների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։
Չթացնելով Ֆրանսիայի նկատմամաբ իր բցահայտ հակակրանքը, Ադրբեջանի մեջլիսը փաստաթղթում նշել է, որ Եվրախորհրդարանի բանաձևը պատրաստվել է «Ֆրանսիայի կառավարության դրդմամբ» այս երկրի պատգամավորներից ստացված «կեղծ» տեղեկատվության հիման վրա։
Ադրբեջանցի պատգամավորների կարծիքով՝ Եվրախորհրդարանն իր սխալ քաղաքականությամբ վտանգում է Եվրամիության հարավկովկասյան քաղաքականությունը։
«Եվրախորհրդարանի հայտարարությունները Ղարաբաղը կամովին լքած հայ բնակիչների բռնի տեղահանման մասին լիովին հակասում են ՄԱԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնախմբի և այլ միջազգային կազմակերպությունների հայտարարություններին և նպատակ ունեն մոլորեցնել միջազգային հանրությանը»,- եզրափակվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ