Մակրոնին հրավիրել են Հնդկաստանի Հանրապետության օրվան՝ որպես գլխավոր հյուր

Մակրոնին հրավիրել են Հնդկաստանի Հանրապետության օրվան՝ որպես գլխավոր հյուր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել են՝ որպես գլխավոր հյուր մասնակցելու 2024 թ. հունվարի 26-ին Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Press Trust of India լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների։

«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հրավիրվել է որպես Հանրապետության օրվա գլխավոր հյուր», - աղբյուրի խոսքն է մեջբերում գործակալությունը։

Հնդկաստանը տոնակատարություններին հրավիրել էր նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, սակայն Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ հունվարին չի կարող մեկնել Նյու Դելի։

1950 թվականի հունվարի 26-ին ուժի մեջ է մտել 1947 թվականին անկախություն ստացած Հնդկաստանի Սահմանադրությունը, որը երկիրը հռչակել է հանրապետություն։ Այդ ժամանակվանից ամեն տարի նշվում է Հանրապետության օրը, իսկ Նյու Դելիում տեղի է ունենում զորահանդես։

Ավանդաբար Հնդկաստանը միջոցառմանը հրավիրում է օտարերկրացի բարձրաստիճան հյուրերի: 2023 թվականին պատվավոր հյուր է եղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին. դա օտարերկրացի բարձրաստիճան հյուրի առաջին մասնակցությունն էր Նյու Դելիի զորահանդեսին 2020 թվականից ի վեր: Պատվավոր հյուրի կարգավիճակով 2019 թվականին զորահանդես է այցելել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, իսկ 2020 թվականին՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն։ Դրանից հետո երկու տարի միջոցառումներն անցկացվել են առանց պատվավոր հյուրերի՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում