ԱՄՆ-ն և Դանիան պաշտպանական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Դանիայի տարածքում

ԱՄՆ-ն և Դանիան պաշտպանական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Դանիայի տարածքում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Ռասմուսենը Վաշինգտոնում ստորագրել են երկկողմ պաշտպանական համագործակցության համաձայնագիր։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարությունը։

«Պաշտպանական համագործակցության համաձայնագիրը, որը մենք հիմա կստորագրենք, ավելի կամրապնդի մեր երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը: Երբ այն ուժի մեջ մտնի, մեր ռազմական գերատեսչությունները կկարողանան ավելի արդյունավետ համակարգել իրենց գործողությունները, ավելի արդյունավետ, քան հիմա։Մեր զորքերնավելի ներդաշնակորեն և ավելի հաճախ վարժանքներ կանցկացնեն։ Մենք կմեծացնենք ՆԱՏՕ-ի փոխգործունակությունը՝ թույլ տալով, որ մեր դաշինքն ավելի լավ պահպանի խաղաղությունը և կայունությունը ամբողջ մայրցամաքի ժողովրդի համար», - ասել է Բլինքենը պայմանագիրը ստորագրելուց առաջ։

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է Դանիայի ներդրումը Ուկրաինային օգնության հարցում:

Իր հերթին Ռասմուսենը հայտնել է, որ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը կամրապնդի երկկողմ անվտանգությունը և պաշտպանական ոլորտում համագործակցությունը։

Դեկտեմբերի 19-ին Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ ձեռք է բերվել պաշտպանական ոլորտում համագործակցելու շուրջ համաձայնություն, որը թույլ կտա ամերիկյան զորքեր և զինտեխնիկա տեղակայել Դանիայի տարածքում։ Համաձայնագիրը նախատեսված է 10 տարվա համար։

Այս ամիս ավելի վաղ ԱՄՆ-ն նման երկկողմ համաձայնագրեր է ստորագրել նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ, իսկ 2021 թ.-ին՝ Նորվեգիայի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում