Նոր մանրամասներ Գորիսում տեղի ունեցած՝ մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայից». պարզվել է վիրավորի և մասնակիցների ինքնությունը

Նոր մանրամասներ Գորիսում տեղի ունեցած՝ մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայից». պարզվել է վիրավորի և մասնակիցների ինքնությունը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարզվել են փետրվարի 2-ին Գորիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի սրտաբանականի խաչմերուկում ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։

Պարզվել է, որ դեպքը տեղի ունեցել Գորիս քաղաքի Երևանյան խճուղում՝ դեպի Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն տանող ճանապարհի հատման խաչմերուկում։

Վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել է Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Մ. Մուսայելյանը, որը եղել է BMW մակնիշի ավտոմեքենայով, որի ժամանակ վերջինս կրակոցներ է արձակել 49-ամյա Ն. Աբրահամյանի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ պահին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Ն. Աբրահամյանի ուղղությամբ երթևեկող նրա եղբայրը՝ 41-ամյա Ալիկ Աբրահամյանը, մոտեցել է նրանց և փորձել միջամտել, որի ժամանակ Մ. Մուսայելյանը կրակոցներ է արձակել նաև նրա ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վերջինս «ձախ ազդրոսկրի միջին ստորին երրորդականի հրազենային, գնդակային կույր վիրավորում, ձախ ազդրոսկրի դիաֆիզի ստորին երրորդականի բեկորային կոտրվածք, ոսկրային ֆրագմենտների տեղաշարժում, ազդրոսկրի ստորին երրոդական մակարդակի փափուկ հյուսվածքներում մետաղական օտար մարմին» վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում քննչական խումբը հայտնաբերել է 2 հատ 9 մմ մարտական և 3 հատ 9 մմ գազային ատրճանակներից կրակված փամփուշտներ։

Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչը հայտնաբերել և քննիչին է ներկայացվել պոլիէթիլենային պարկի մեջ եղած ինքնաձիգ և մոտ 30 հատ մարտական փամփուշտ։

Կայքի տեղեկություններով՝ այդ ավտոմատը Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ն. Աբրահամյանը վիճաբանության ժամանակ խլել է Մ. Մուսայելյանի ձեռքից, և ամեն պահի հնարավոր է՝ Մ. Աբրահամյանը դառնար զոհ։

Իսկ հանցագործության գործիք դանակը միջադեպի ժամանակ Մ. Մուսայելյանի ձեռքից խլել է Գորիս բժշկական կենտրոնի շտապօգնության վարորդ 44-ամյա Ա. Աբրահամյանը և այն թողե իր կողմից շահագործվող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայում։ Նշված ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Մ. Մուսայելյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում