Լոռու մարզում «Քովիդ-19»-ի դեմ պատվաստվել է բնակչության 45 տոկոսը. ավելի շատ պատվաստվում են քաղաքների բնակիչները
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Task Force for Global Health» ծրագրի խորհրդատու Իհաբ Բուշային։ Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Հանդիպման նպատակն է եղել քննարկել Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստումների Լոռու մարզի ցուցանիշները, գնահատել համաճարակի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների արդյունքները։
Քննարկմանը մասնակցել են Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները և համաբուժարանների ղեկավարներ։
Գոռ Ասրյանը, ներկայացնելով Քովիդ-19-ի դեմ պայքարի մարզային միջոցառումների ծրագիրն, ընդգծել է, որ առավելագույն ջանքեր է ներդրվել և կարևորվել հանրային լայն իրազեկումը պատվաստման արդյունավետության գործընթացում, որի արդյունքում մարզում համաճարակային իրավիճակը կառավարելի է:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ ավելի շատ պատվաստվում են քաղաքային համայնքների բնակիչները, իսկ փոքր համայնքներում, ցուցանիշները համեմատաբար ցածր են։ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը հավելել է, որ համավարակի տարածման դեմ պայքարի նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովն ուշադրության կենտրոնում է պահում և համակարգում Լոռու մարզում Քովիդ-19-ի դեմ տարվող աշխատանքները։ Ներկայում պատվաստված է Լոռու մարզի բնակչության 45 տոկոսը։ Բավականին արդյունավետ է պատվաստում իրականացնող շրջիկ կայանների աշխատանքը։
Միջազգային կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ ծրագրի շրջանակներում հարցաթերթիների միջոցով հետազոտություն է կատարվելու մարզի մի քանի համաբուժարաններում՝ պարզելու համավարակի դեմ տարվող միջոցառումների ուժեղ, թույլ կողմերը և մարտահրավերները՝ հետագայում ցուցանիշները բարելավելու առաջարկներ ներակայացնելու և թիրախային ցուցանիշներին հասնելու համար։
Կարծիքներ