Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով կա վիրավոր, դեպքի վայրից 3 հոգի է բերման ենթարկվել
Երեկ՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Շիրակի փողոցի 4/12 հասցեի դիմաց բախվել են դեռևս անհայտ անձի կողմից վարած BMW մակնիշի և Արարատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արմեն Պետրոսյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ժամանել են ԱԻՆ փրկարար ծառայության, ոստիկանության աշխատակիցները, պարեկները:
Դեպքի վայրում 3 քաղաքացի անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, հնչեցրել հայհոյանքներ, պարեկները նրանց հորդորել են, որպեսզի չխախտեն հասարակական կարգը, սակայն նրանք չեն ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, ինչից հետո ժամանած ոստիկանության խումբը այդ երեքին բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Կայքի տեղեկություններով՝ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում։ Ոստիկանությունը պարզում է BMW-ի վարորդի ինքնությունը։
Կարծիքներ